National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.10.2017
Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը եւ այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին եւ նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եղել եւ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի եւ ձեւաչափի շրջանակում, ընդգծել է նաեւ հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արեւելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ եւ պահանջում են տարբերակված մոտեցում:

Արեւելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարեւորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների եւ, միգուցե, նաեւ «Արեւելյան գործընկերություն +» ձեւաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արեւելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am